Վերջին շրջանում Հայաստանի մարմնամարզիկները կտրուկ առաջադիմել են, բարձրացրել իրենց պատրաստականության մակարդակը: Եվ այդ առումով հետաքրքիր է, թե նրանք ինչ հավակնություններ կարող են ունենալ 2012-ին Լոնդոնում անցկացվելիք օլիմպիական խաղերին նախորդող վարկանիշային մրցումներում, որոնք կայանալու են 2011-12-ին: Իսկ այդ մասին պատկերացում կազմելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե Հայաստանի մարմնամարզիկներն ինչպես են իրենց դրսևորում ներկայացուցչական ստուգատեսներում: Մասնավորապես, վերջերս Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կազմակերպվել էր այս մարզաձևի աշխարհի առաջնությունը: Սակայն տարօրինակն այն է, որ այդ ստուգատեսում մեր երկրից, ասես նմուշի համար, ներկա էին մեկական մարմնամարզիկ, մրցավար, մարզիչ: Պարզվում է, որ մրցաշրջանը մոտենում է ավարտին, և ֆինանսներ չեն մնացել, որ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի պատկառելի կազմով ներկայանան խոշորամասշտաբ այդ ստուգատեսին: Եվ մրցավայր է ուղևորվել հնարավորինս փոքրաթիվ պատվիրակություն: Բանն այն է, որ ամեն երկիր, մարզիկներից բացի, պարտադիր պետք է մարզիչ ունենար, նաև մրցավար: Իսկ մարզիչ կամ մրցավար չներկայացնելու դեպքում Հայաստանը ստիպված կլիներ մեծ տուգանքներ վճարել: Այդ է պատճառը, որ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին որպես մարզիչ ուղեկցել է Սոս Սարգսյանը: Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը միջազգային կարգի մրցավար է, աշխարհի առաջնությունում կատարել է մրցավարի պարտականություն: Մարզասերները տեղյակ են, որ նժույգաթափերում Մերդինյանը 246 մարզիկների պայքարում 7-րդ արդյունքով (15,333) մտել է եզրափակիչ և, ի վերջո, գրավել է 6-րդ տեղը` 15,175 միավոր: ՈՒշագրավն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչը միավորների չնչին տարբերությամբ է զիջել մրցանակակիրներին: Եվ եթե Մերդինյանը մի փոքր սխալ թույլ չտար, ապա մրցանակակիր կդառնար:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն այն կարծիքին է, որ բարձրակարգ մի շարք մարմնամարզիկներ ունենք, որոնց մասնակցությունն աշխարհի առաջնությանը շատ ցանկալի կլիներ: Ընդ որում, Հայաստանը կարող էր ամբողջ թիմով մասնակցել ստուգատեսին, որը հնարավորություն կտար թիմային հաշվարկով պայքարելու 1-24-րդ տեղերի համար: Դրա առավելությունն այն կլիներ, որ հաջորդ տարի Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնությանը, որն օլիմպիական խաղերի համար վարկանիշային է, մեր երկրին իրավունք կվերապահվեր մրցահարթակ դուրս բերելու մարմնամարզիկների ամբողջական թիմ` 6 անդամով: Այսինքն, օլիմպիական խաղերի ուղեգրերի տիրանալու Հայաստանի մարմնամարզիկների հնարավորությունները կրկնակի կմեծանային: Մինչդեռ այս պարագայում մեր երկիրը կարող է առավելագույնն աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղարկել 3 մարմնամարզիկի: Ցավալի է, որ այդ հնարավորությունը ձեռքից բաց է թողնվել:
Մերդինյանից բացի, մեր հավաքականի պատիվը կարող էին պաշտպանել փորձառու, միջազգային բազմաթիվ ստուգատեսների բովում թրծված Վահագն Ստեփանյանը, նժույգաթափերում Եվրոպայի չեմպիոն դարձած Արթուր Դավթյանը, Եվրոպայի երիտասարդական առաջնությունում օղակների վարժություններում 4-րդ տեղ գրաված Վահագն Դավթյանը, Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերի վարկանիշ լրացրած և այդ ստուգատեսի եզրափակիչում մեդալների համար պայքարած Վահան Վարդանյանը և ուրիշներ:
Ինչևէ, թեև ֆինանսական խնդիրներ կան, սակայն Հայաստանի մարմնամարզիկների համար մրցաշրջանը չի կարելի ավարտված համարել: Բանն այն է, որ դեկտեմբերի 15-ին Մոսկվայում մեկնարկելու է օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային մրցաշարը: Ավանդական այս ստուգատեսին Հայաստանի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են: Թերևս, պատճառն այն է, որ կազմակերպիչներն իրենց վրա են վերցնում մասնակիցների բոլոր ծախսերը: Այս տարի էլ մեր երկրից 8 մարդ է հրավիրվել, որոնց կեսը մարմնամարզիկ է: Բանն այն է, որ այս մրցաշարում աչքի ընկնող մարզիկների համար դրամական խոշոր պարգևներ են սահմանված, բացի այդ, նրանց հավասար չափով հարստանալու են նաև անձնական մարզիչները:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ մեր երկրից երկուական մարզիկներ են իրենց կարողությունները փորձելու մեծահասակների և երիտասարդների մրցումներում: Մեծահասակների մրցումներում հանդես են գալու Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, իսկ թե երիտասարդների մրցաշարում ովքեր Հայաստանը կներկայացնեն, պարզ չէ: Բանն այն է, որ առայժմ թափուր 2 տեղին հավակնում է 6 մարմնամարզիկ: Միայն մարզչական խորհրդի որոշումից հետո պարզ կդառնան երկու երջանիկների անունները: Այսպիսի մրցակցությունը վկայում է, որ արժանավորները շատ են, և, բնականաբար, պետք է սպասելիքներ ունենալ: Սերոբյանը հայտնեց, որ մրցասպարեզ դուրս գալու հնարավորություն է տրվելու միայն այն մարմնամարզիկներին, ովքեր լուրջ հավակնություններ կարող են ունենալ մեդալների համար պայքարում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի ներկայացուցիչները հաջող էին մասնակցել Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարին: Արթուր Դավթյանը մեծահասակների մրցաշարում հենացատկերում երկրորդն էր: Իսկ երիտասարդների մրցավեճում Վահան Վարդանյանը նժույգաթափերում առաջինն էր, ազատ վարժություններում` երկրորդը: Ի դեպ, երիտասարդների մրցաշարի մասնակիցները դրամական մրցանակների չեն արժանանում, իսկ թե ինչ պարգևավճարներ են նախատեսված մեծահասակ մարմնամարզիկների մրցաշարի լավագույնների համար, Սերոբյանն ահա թե ինչ ասաց. «Բազմամարտի առանձին մրցաձևերի առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնողները համապատասխանաբար ստանալու են 10 հազար, 8 հազար, 6 հազար ռուբլի: Իսկ բազմամարտի հաղթողին, եթե չեմ սխալվում, հանձնվելու է 30 հազար ռուբլի»:
Ի դեպ, թիմային հաշվարկ է կատարվելու: Անցյալ տարի Հայաստանի ներկայացուցիչներն իրենցից առաջ էին թողել միայն Ճապոնիայի, Ռուսաստանի հավաքականներին, Ռուսաստանի «Դինամո» ակումբի թիմին: Սակայն «Դինամոն» պետք է հաշվարկից դուրս հանդես գար, քանի որ ամեն երկրից միայն մեկ հավաքական պետք է մասնակցեր թիմային պայքարին: Բայց այդ հարցում կազմակերպիչները կամայականություն էին արել: Հակառակ պարագայում մերոնք կհայտնվեին 3-րդ հորիզոնականում:
Առջևում մոսկովյան միջազգային մրցաշարն է, որը կարող է մեր երկրի մարմնամարզիկների համար դառնալ մրցաշրջանի վերջին ակորդը: Ընդհանրապես, Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչների համար 2010-ի մրցաշրջանը հաջող էր: Մասնավորապես, Եվրոպայի չեմպիոն երկու տասնամյակ առաջ էինք ունեցել: Իսկ 2011-ին Հայաստանի մարմնամարզիկներին ավելի լուրջ փորձություններ են սպասում: Վարկանիշային կլինի Տոկիոյում հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը: Սակայն միայն այդ ստուգատեսին հաջող մասնակցելով չի կարելի օլիմպիական խաղերի ուղեգրի հարցը լուծված համարել: Ամեն բան բարդացել է, իսկ նորությունն այն է, որ 2012-ի հունվարին Լոնդոնում կայանալու է վարկանիշային ևս մեկ մրցաշար, որտեղ աշխարհի առաջնությունում իրենց լավագույնս դրսևորած մարմնամարզիկները պետք է ևս մեկ անգամ փորձեն ապացուցել իրենց բարձր կարգը: Անգլիայի մայրաքաղաքում կայանալիք վարկանիշային միջազգային մրցաշարում թիմային պայքարում առաջին 8 տեղերը գրավողներն իրավունք կստանան ամբողջ կազմով մասնակցելու օլիմպիական խաղերին: Այդպիսի պատվի են արժանանալու բազմամարտի առանձին մրցաձևերում 1-3-րդ տեղերը գրավողները: Մի փոքր անհասկանալի է, թե ինչպիսի միավորները բավարար կլինեն օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ, փաստորեն, չնախատեսված մրցումների մասնակցելու պահանջ է առաջանում: Իսկ դրա, ինչպես նաև նախապատրաստվելու համար լրացուցիչ ֆինանսներ են պետք: Բացի այդ, անորոշ է, թե Ճապոնիայում կայանալիք մրցաշարում ամեն մարմնամարզիկ քանի մրցակցի հետ է ուժերը չափելու և ինչպիսի արդյունք պետք է ցույց տա, որ առաջադրանքը կատարված համարվի: «Զարմանալին այն է, որ մարզիկը կարող է բազմամարտի որևէ մրցաձևում առաջին տեղ գրավել և վարկանիշ լրացնել, սակայն պետք է պարտադիր հանդես գա ևս երկու մրցաձևում: Ընդ որում, հստակ չի ասվում, թե ինչպիսի արդյունք է պահանջվում ցույց տալ: Խնդիրն այն է, որ նա պետք է ցույց տա բոլոր մասնակիցների կեսի ցույց տված միջին արդյունքի առնվազն 85 տոկոսը: Ստացվում է, որ միայն այդ մրցումների ժամանակ պարզ կդառնա, թե մարմնամարզիկը բազմամարտի մյուս երկու մրցաձևերում ինչպիսի արդյունքներ պետք է ձգտի ցույց տալ»,- ասաց Սերոբյանը:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ